Կառավարությունը նախորդ շաբաթ հավանություն տվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում են մի շարք նոր կարգավորումներ՝ ուղղված Հայաստանում ներդրումային ոլորտի բարելավմանը։
Ուրախ ենք հայտնել, որ նախագիծը մշակվել է ADWISE Consulting-ի, Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդի (ANIF) և ՀՀ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ։
Օրենքի նախագծով առաջարկվում են բազմաթիվ նորամուծություններ, որոնք համահունչ են համաշխարհային գործարար ոլորտի արդի զարգացումներին և զգալիորեն բարելավում են Հայաստանի ներդրումային գրավչությունը ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։
Նախագծով, ի թիվս այլոց՝
- Թույլատրվում է սովորական բաժնետոմսերի տարբերակված դասերի թողարկումը;
- Թույլատրվում է առավել մեծ ճկունություն ընկերությունների կառավարման մարմինների լիազորությունների պատվիրակման հարցերում;
- Թույլատրվում է կոտորակային բաժնետոմսերի գոյությունը՝ հատկապես կոնսոլիդացիայի արդյունքում ՝ դրանով բացառելով Հայաստանում ձևավորված արատավոր պրակտիկան բաժնետոմսերի կոնսոլիդացման ոլորտում;
- Թույլատրվում է ընկերություններին գործել բացասական կապիտալով, որը հատկապես կարևոր է ՏՏ ստարթափերի ոլորտի ու հետազոտական ոլորտի ընկերությունների համար (R&D);
- Վերացվում է երկար տարիներ գործող իրավական ֆիկցիան և թույլատրվում է կանոնադրական կապիտալը վճարել ընկերության պետական գրանցումից հետո;
- Վերացվում են խոշոր գործարքների խիստ կարգավորումները և լիբերալացվում է դրանց կնքման գործընթացը;
- Վերացվում է նորաստեղծ ընկերությունների համար սահմանված արգելքը առաջին երեք տարիների ընթացքում առանց ապահովման պարտատոմսեր թողարկելու մասով, ինչը զգալի խոչընդոտ էր հանդիսանում ստարտափների համար՝ ներգրավելու ֆինանսական միջոցներ ստեղծման առաջին իսկ տարիներից:
Շնորհակալություն ենք հայտնում ոլորտի մեր գործընկերներին, ինչպես նաև կապիտալի շուկայի զարգացման աշխատանքային խմբին՝ քննարկումների մասնակցելու և առաջարկներ ներկայացնելու համար։
Լիահույս ենք, որ այս փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսական զարգացման համար այս դժվարին ժամանակաշրջանում։
Օրենքին կարող եք ծանոթանալ այստեղ
http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=61916