ՊՐՈ-ԲՈՆՈ ՍԵՄԻՆԱՐ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՎԶԵԲ-ի «Կանայք բիզնեսում» նախագծի շրջանակներում մեր գործադիր տնօրեն Լիլիթ Ղարայանն անցկացրեց ֆինանսական կառավարման պրո-բոնո սեմինար «Հայէկոնոմբանկ» -ի հաճախորդ կին ձեռներեցների համար:

Սեմինարը նպատակ էր մասնակիցներին տալ հիմնական ֆինանսական գիտելիքներ, ինչպես նաև զինել նրանց ֆինանսական կառավարման ամենակարևոր և գործնականում անհրաժեշտ գործիքներով:

Մենք հպարտ ենք, որ նպաստում ենք կին ձեռներեցների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը, քանի որ կանանց ձեռներեցության խթանումն ու հզորացումը ADWISE Consulting- ի առանցքային նպատակներից մեկն է:

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ «OՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

ADWISE Consulting-ը Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԿ) հետ համատեղ հաջողությամբ ավարտեց «Օրգանական Գյուղատնտեսության Աջակցություն» նախաձեռնության (Ավստրիական Զարգացման Գործակալության (ԱԶԳ) ծրագիր) շահառուների համար կազմակերպված կարողությունների զարգացման ծրագրի առաջին փուլը:

Ծրագրի շրջանակներում իրականացվեցին միկրո-ձեռներեցության մոդելավորման դասընթացներ, որոնց նպատակն էր օգնել մասնակիցներին զարգացնել ձեռնարկատիրական մտածողություն և որոշումներ կայացնելու հմտություններ, հասկանալ միկրո-բիզնեսներին առնչվող մարտահրավերներն ու դրանց ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև սովորել աշխատել ֆինանսական տեղեկատվության հետ:

Այժմ ADWISE-ը պատրաստ է անցնել հաջորդ՝ բիզնես պլանավորմանն ուղղված սեմինարների իրականացման փուլ: Այս դասընթացների նպատակն է լինելու օգնել վերածել առկա բիզնես գաղափարները գործող նախագծերի` մշակելով հստակ բիզնես ռազմավարություն և կազմելով համապատասխան գործառնական պլան: Դասընթացներին կհաջորդեն անհատական քոուչինգ-սեսիաներ, որոնք կօգնեն մասնակիցներին մշակել իրենց բիզնես գաղափարի գրավոր հայեցակարգը:

Մենք հպարտ ենք, որ նպաստում ենք օրգանական գյուղատնտեսության զարգացմանը Հայաստանում: