ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՐԿՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է 1 ՏԱՐՈՎ

Երեկ, դեկտեմբերի 21-ին, Ազգային ժողովը ընդունեց մի շարք փոփոխություններ ու լրացումներ ՀՀ հարկային օրենսգրքում։ Ի թիվս այլ փոփոխությունների, հետաձգվում է բուռն քննարկումների առակա դարձած՝ ՀՀ քաղաքացիներին վճարվող շահաբաժինների (դիվիդենտների) նկատմամբ 5% եկամտային հարկի կիրառումը։ Հարկը կկիրառվի միայն 01.01.2018 թ․ հետո իրականացրած գործունեությունից շահույթից վճարվող շահաբաժինների նկատմամբ։ Մինչ այդ ընդունված տարբերակով հարկվելու էին 01.01.2018 թ․ հետո վճարված շահաբաժինները նաև նախկին ժամանակահատվածների շահույթից։ Նմանապես, հետադարձ կարգով մեկ տարով հետաձգվում է օտարերկրացիներին վճարվող շահաբաժինների (դիվիդենտների) նկատմամբ 10% եկամտային հարկի կիրառումը: Փոփոխությունները կատարող օրենքը դեռ ենթակա է ստորագրման ՀՀ նախագահի կողմից։

ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՈՐՊԵՍ ԴԱՏԱՎՈՐ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՄՄԻ) ԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱԽԱՂԻՆ

Մեր համահիմնադիր Արա Խզմալյանը որպես դատավոր մասնակցեց Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ազգային պատվիրակության կողմից կազմակերպված Միջազգային Մարդասիրական Իրավունքի (ՄՄԻ) ազգային դատախաղին, որը տեղի ունեցավ 2017թ. դեկտեմբերի 8-10-ին։ Այս մրցույթը 2005թ․-ից ի վեր Հայաստանում անցկացվում է ամեն տարի և նպատակ ունի բարձրացնել ՄՄԻ-ի խնդիրների մասին իրազեկվածությունը ԲՈՒՀ-երի ուսանողների շրջանում՝ բարելավելով ՄՄԻ-ի կիրառման նրանց հմտությունները: Դատախաղի նպատակն է նաև զարգացնել ուսանողների մոտ միջազգային մարդասիրական իրավունքի ոչ միայն տեսական գիտելիքները, այլև դրա գործնական կիրառման ունակությունները՝ դերախաղերի միջոցով զարգացնելով որոշումների կայացման և ժամանակի կառավարման նրանց հմտությունները։