ADWISE Consulting-ը մեկնարկում է նոր նախագիծ՝ «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում։ Նախագծի նպատակն է աջակցել Հայաստանում համայնքային սեփականություն հանդիսացող արևային ֆոտովոլտային կայանների կառուցման տնտեսապես հիմնավորված ծրագրերի մշակմանը՝ տրամադրելով տեխնիկական և գործարքային խորհրդատվական ծառայություններ։
Նախագծի շրջանակում ADWISE Consulting-ը կաշխատի վեց համայնքների հետ՝ մինչև 1 ՄՎտ հզորությամբ համայնքային արևային ֆոտովոլտային(ՖՎ) կայանների կառուցման և շահագործման համար ներդրումային տեսանկյունից գրավիչ ծրագրեր մշակելու ուղղությամբ։
Նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացումը համայնքներին հնարավորություն կտա ստանալ լրացուցիչ եկամուտ արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքից՝ նպաստելով տեղական տնտեսական աճին, համայնքների ֆինանսական կայունության ամրապնդմանը և կլիմակայուն զարգացմանը։
Յուրաքանչյուր համայնքի համար կմշակվի իրագործելիության ուսումնասիրության հաշվետվություն, որը կօգնի կայացնել հիմնավորված ներդրումային որոշումներ։ Այն համայնքները, որոնք պատրաստ կլինեն անցնել ծրագրի իրականացման փուլ, կստանան նաև լիցենզավորման, նախագծման, գնումների և շինարարական կապալառուների ընտրության մրցութային գործընթացների համար անհրաժեշտ տեխնիկական և կարգավորող փաստաթղթերի ամբողջական փաթեթ։
Համայնքային վերականգնվող էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանն աջակցելով՝ նախագիծը կնպաստի տեղական տնտեսական զարգացմանը, համայնքների դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի անցմանը դեպի կայուն և կլիմակայուն էներգետիկ համակարգեր։
ADWISE Consulting-ը կարևորում է համայնքների համար նորարարական, տնտեսապես կենսունակ և երկարաժամկետ կայուն էներգետիկ լուծումների զարգացումը և ուրախ է իր մասնագիտական փորձով աջակցել այս գործընթացին։
Նախաձեռնությունն իրականացվում է SE4Resilience ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի կողմից։

Փտր 10 2026

Հնվ 22 2026

Նյմ 12 2025