Դկտ 18 2024Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին աջակցության ամփոփագիր
2024թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի աջակցության միջոցների ու հարկային արտոնությունների մասին օրենքների փաթեթը։ Այս փաթեթը ներառում է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» նոր օրենքը և հարկային օրենսգրքում փոփոխությունների փաթեթ։ Միջոցառումները կգործեն 2025թ. հունվարի 1-ից մինչև 2031թ. դեկտեմբերի 31-ը։
Արտոնությունները հասանելի են տեղական գրանցում ունեցող ընկերություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնց հասույթի 90%-ը վերագրվում է բարձր տեխնոլոգիաների գործունեությանը։ Նման գործունեության ցանկը դեռևս պետք է սահմանվի կառավարության կողմից։
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը սահմանում է հետևյալ աջակցության միջոցները.
- Աջակցություն (հատուցումներ) գործատուներին՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում միգրանտ աշխատողների ներգրավման համար։ Փոխհատուցման գումարը հավասար կլինի միգրանտ աշխատողի աշխատավարձի և համարժեք վճարումների գծով եկամտային հարկի 60%-ին։ Միգրանտ աշխատողներ են համարվում անձինք, ովքեր չունեն ՀՀ քաղաքացիություն և ունեն Հայաստանում աշխատելու իրավունք։
- Աջակցություն (հատուցումներ) գործատուներին՝ նոր աշխատողների ներգրավման համար։ Սահմանված փոխհատուցման գումարը հավասար կլինի նոր աշխատողի (այսինքն՝ առաջին անգամ բարձր տեխնոլոգիաների մասնագիտությամբ աշխատանքի անցած աշխատողի) աշխատավարձի և համարժեք վճարումների գծով եկամտային հարկի 60%-ին։ Այս փոխհատուցումը կտրամադրվի բարձր տեխնոլոգիաների մասնագիտությամբ աշխատանքի անցնելուց հետո առաջին 3 տարվա ընթացքում։
- Աջակցություն (հատուցումներ) գործատուներին վերապատրաստման ծախսերի համար (բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական վերապատրաստման համար)՝ վերապատրաստված աշխատողների աշխատավարձի և համարժեք վճարումների գծով եկամտային հարկի 50%-ի չափով։
- Աջակցություն (հատուցումներ) բարձր տեխնոլոգիաների ոլորտի միգրանտ աշխատողներին՝ միգրանտ աշխատողի աշխատավարձից և համարժեք վճարումներից գանձվող եկամտային հարկի 60%-ի չափով։
Վերոնշյալ աջակցության (հատուցումների) ընդհանուր գումարը սահմանափակված է տվյալ ժամանակահատվածում գործատուի կողմից հայտարարագրված ընդհանուր եկամտային հարկի 50%-ով։
Հաշվարկման և վճարման վերաբերյալ մանրամասները դեռևս պետք է սահմանվեն կառավարության կողմից։ Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող գործատուները կարող են աջակցություն ստանալ ոչ ավել, քան 3 օրացուցային տարի, որից հետո նրանք պետք է կամ անցնեն ընդհանուր հարկման համակարգին, կամ այլևս չեն ստանա աջակցություն։
Հարկային օրենսգրքում փոփոխությունները սահմանում են հետևյալ հարկային արտոնությունները.
- Բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործունեության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցում մինչև 1% (համեմատած ներկայիս 5%-ի հետ, որը 2025 թվականից բարձրանալու էր մինչև 10%)։
- Հաստատված R&D ծրագրերի շրջանակներում ներմուծված կամ ձեռք բերված հիմնական միջոցների արագացված ամորտիզացիայի թույլատրում (1 տարում)։ R&D ծրագրերի հաստատման չափանիշներն ու կարգը դեռևս պետք է հաստատվեն կառավարության կողմից։
- R&D աշխատանքների վրա կատարվող ծախսերը թույլատրվում է շահութահարկի նպատակներով ամբողջությամբ ծախսագրել դրանք կատարելու տարում ։
- Հաստատված R&D ծրագրերում աշխատող՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկում ներառված մասնագիտություններով տեղական աշխատողների աշխատավարձերի և համարժեք վճարումների 200%-ի չափով նվազեցման կիրառում։ Խնդրո առարկա աշխատանքների ցանկը դեռևս պետք է հաստատվի կառավարության կողմից։ Այս նվազեցումների ընդհանուր գումարը սահմանափակված է հարկման բազայի 50%-ով (այս սահմանափակումը չի կիրառվում այն հարկ վճարողների նկատմամբ, որոնց հասույթի առնվազն 90%-ը ստացվում է R&D-ից)։
- Հաստատված R&D ծրագրերում աշխատող միգրանտ աշխատողների աշխատավարձերի և համարժեք վճարումների համար եկամտային հարկի նվազեցված դրույքաչափ (10%՝ սովորական 20%-ի փոխարեն)։